Նորզելանդացի գիտնականները Օտագոյի համալսարանից առաջին անգամ ապացուցել են աղավնիների` տարբեր բառեր տարբերելու կարողությունը: Նրանց հնարավորությունների հետազոտությունը հրապարակվել է   PNAS թերթում, հայտնում է    Gazeta-ն:

Նրանք ապացուցել են, որ աղավնիներն ի վիճակի են խորհրդանիշներ կարդալիս   «ուղղագրական» կարողություններ դրսեւորել, որոնք ավելի վաղ դիտարկվել էին շնակապիկների մոտ:   Փորձարկման ընթացքում աղավնիներին մարզել են կտուցով դիպչել անգլերեն չորս տառից կազմված որեւէ բառի, երբ դրանք հայտնվել են էկրանին, կամ հարվածել հատուկ խորհրդանիշին, եթե էկրանին հայտնվում էր չորս տառից կազմված խումբ, որոնք բառ չէին ձեւավորում, օրինակ`  URSP: Աստիճանաբար բառեր հավելելով` գիտնականներն աղավնիներին ստիպել են մինչեւ  58 բառ սովորել. այսքան կարողացել է սովորել Q35 աղավնին, մնացած թռչունները միջինը  43 բառ են սովորել:

«Հայտնի բառերին եւ տեղափոխված տառերով բառերին աղավնիների արձագանքը ցույց է տալիս, որ նրանք ծայրաստիճան զգայուն են բառում տառերի տեղի հանդեպ», — հայտնել են գիտնականները:  «Աղավնիները, որոնց մարդկանցից բաժանում է էվոլյուցիայի  300 մլն տարի, որոնք ուղեղի լիովին այլ կառուցվածք ունեն, ուղղագրություն սովորելու ապշեցուցիչ  կարողություններ են դրսեւորում», — հայտնել է աշխատանքի համահեղինակ Օնուր Գունտուրկունը: