Ռուս-բելառուսական հակամարտությունը, որը երկար ժամանակ գաղտնի էր զարգանում, երեւան է եկել: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ իր համբերությունը սպառվել է, Մոսկվային մեղադրել է իր երկրի վրա ճնշում գործադրելու համար եւ սպառնացել է կրճատել Մինսկի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիային: Բելառուս փորձագետները դա շանտաժ են համարում, որի օգնությամբ Լուկաշենկոն, ինչպես միշտ, հույս ունի հասնել իր ուզածին, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Հակամարտությունը հասունանում էր գրեթե տարեսկզբից եւ ակնկալելի էր: Նախագահների` տարվա ընթացքում տեղի ունեցող հանդիպումների նախօրեին փորձագետները եւ լրագրողները սպասում էին, որ պետության ղեկավարները կխոսեն գլխավորի մասին:  Սակայն հանրությունն ամեն անգամ հիասթափվում էր. նախագահները հիշատակում էին գազի համար վճարումների թեման, բայց պնդում էին, որ դա տնտեսվարող սուբյեկտների վեճ է, այդ պատճառով իրենց մակարդակից ցածր է:  Բելառուսական հանրությունը վաղուց սպասում էր նաեւ Ռուսաստանի հասցեին սովորական դարձած հարձակումներին, բայց Լուկաշենկոն դիվանագիտորեն թաքցնում էր խնդիրները եւ զգացմունքները: 

Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարողացել իրեն զսպել երեքշաբթի: Առիթը եղել է Միութենական պետության քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ հանդիպումը:  «Արդեն հոգնել ենք, սա արդեն չափից ավելի է, այլեւս այսպես չի կարող շարունակվել», – հայտնել է Լուկաշենկոն լռող զրուցակցին:  Նրա խոսքով, Բելառուսում շատ են խոսում երկկողմ հարաբերություններում եւ միութենական ինտեգրացիայում առկա խնդիրների մասին:   Եվ թվարկել է այն ամենը, ինչ տարվա ընթացքում քննարկվել է փորձագետների մակարդակով, բայց հանրային քննարկման չի հանվել:  Եվրասիական տնտեսական միությունը  (ԵՏՄ), ակնկալվածին հակառակ, չի նպաստել երկու երկրի միջեւ ապրանքաշրջանառության ավելացմանը, այն նվազել է: Բելառուսի համար վաճառքների գները գրեթե կիսով չափ նվազել են: «Բելառուսն ի՞նչ եկամուտ ունի դրանից: Գործնականում ոչ մի», – հայտնել է Լուկաշենկոն: Հետո էլ արգելափակվում են շատ ապրանքների մատակարարումները Ռուսաստան: «Մենք քարշ ենք տալիս (այլ կերպ չես ասի) եւ արդեն մի քանի ամիս է` չենք կարողանում պայմանավորվել գազի գնի վերաբերյալ: Այդ կապակցությամբ Ռուսաստանը նվազեցրել է Բելառուսին նավթի մատակարարումները», – հիշել է նա գլխավոր հակամարտության մասին: «Մենք դա ընկալում ենք որպես ճնշում Բելառուսի վրա: Ես ճնշում չեմ հանդուրժի, բելառուսները` եւս», – զգուշացրել է Լուկաշենկոն: Նա հայտնել է, որ Մինսկն առայժմ չի նախատեսում «կանգնեցնել ինտեգրացիոն նախագծերը», բայց կկրճատի դրանց իր մասնակցությունը եւ «կսկսի  «այսպես կոչված ԵԱՏՄ-ի կառավարությունում» աշխատող բելառուս պաշտոնյաների թվի կրճատումից: 

Քանի որ վերոհիշյալ խնդիրները վաղուց ճանաչված են, Բելառուսում փորձագետները իրենց երկու հարց են տալիս. արդյոք բելառուս առաջնորդը խոսքից գործի կանցնի եւ ինչու է հենց հիմա հնարավոր համարել հնացած խնդիրների հանրային քննարկումը:  Հետաքրքիր է, որ տեղացի փորձագետներն այստեղ նախ եւ առաջ բարոյահոգեբանական ենթատեքստ են տեսնում: Սեպտեմբերի  11-ին ընտրատեղամասում լրագրողների հետ շփվելիս Լուկաշենկոն գազային վեճի շուտափույթ  (երկու օրվա ընթացքում) հանգուցալուծում է կանխատեսել:  «Սեպտեմբերի 11-ից առաջ Պուտինի հետ զրույցից Լուկաշենկոն վստահություն էր քաղել, որ հարցը լուծված է եւ ինքը կարող է հրապարակայնորեն խոսել դրա մասին:  Բայց հետագայում պարզվել է, որ ամեն ինչ այդքան պարզ չէ: Արդյունքում հարցն այդպես էլ չի լուծվել, իսկ հեղինակությանը վնաս է հասցվել:   Նման բաները պատասխան են պահանջում, որը տրվել է Ռապոտայի հետ զրույցում», – իր բլոգում գրում է քաղաքական մեկնաբան Յուրի Դրակոխրուստը:  Բելառուսի   նախագահի համոզվածությունը, թե Մոսկվան այս անգամ անպայման կհամաձայնի, պայմանավորված էր Ռիոյի պարաօլիմպիական խաղերում Բելառուսի հավաքականի արարքով, ոը Ռուսաստանի դրոշն էր բարձրացրել, ենթադրում է փորձագետը: 

Լուկաշենկոն շտապում է լուծել գազային վեճը, որպեսզի հասցնի օգտագործել  «այն ռեզոնանսը, որ Ռուսաստանում ստացել է բելառուս պարաօլիմպիականների արարքը», կարծում է քաղաքագետ Վալերի Կարբալեւիչը:  Բելառուսի  զգացմունքային նախագահին հավասարակշռությունից հանել էր հենց այն փաստը, որ Ռուսաստանի ղեկավարությունը փողով շնորհակալություն չի հայտնել բարոյական աջակցության համար: 

Տեղացի դիտորդները Մոսկվայի լռությունը, ինչպես նախկինում, կապում են Արեւմուտքի հետ Լուկաշենկոյի սիրախաղերի, իր տարածքում ռուսական ավիաբազա տեղադրելուց համառ հրաժարման եւ Կիեւի հետ բարեկամության հետ:  Ինչ արժե Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեի վերջերս տեղի ունեցած այցը անկախության   25-ամյակի առիթով եւ նրա արտահայտություններն այդ թեմայով:  «Մինսկի բոլոր խաղերը` Արեւմուտքի հետ հարաբերությունների ակտիվացումը եւ Չինաստանի հետ գործընկերության խորացումը Կրեմլում բավականին նյարդայնորեն են ընդունվում», – ենթադրում է քաղաքագետ Արսենի Սավիցկին: 

Իմիջիայլոց, գազային հարցում ճնշման առումով ոչ պետական փորձագետների մեծամասնությունը մասնակիորեն համամիտ է Լուկաշենկոյի հետ:  «Վերջին տարիներին նավթի եւ գազի համաշխարհային գների անկման հետ կապված` գնի վերանայման հիմք կա, բայց այդպես չի կարելի անել, պետք է վճարել հին բանաձեւի համաձայն, հետո քննարկել նորը», – կարծում է տնտեսագետ Բորիս Ժելիբան: 

Միաժամանակ տեղի փորձագիտական ընկերակցությունը չի հավատում, թե Լուկաշենկոն իրոք կսկսի դուրս գալ ԵՏՄ-ից: «Գուցե հետ կանչեն Եվրասիական հանձնաժողովի մի քանի անդամի, հետո նրանց կվերադարձնեն իրենց տեղը», – ենթադրում է Յուրի Դրակոխրուստը: «Կարծում եմ, որ կողմերը խոսքային հարվածներ կփոխանակեն, բայց գործնական ոչինչ չեն անի», – կարծում է Բորիս Ժելիբան: 

Նման կանխատեսումների հիմք է հանդիսանում այն, որ այդ ամենը բազմիցս եղել է եւ արդյունավետորեն գործել է: Հետո էլ` Ռուսաստանից Բելառուսի տնտեսական կախվածությունը չափազանց բարձր է, որպեսզի իրոք կտրեն կապերը: Արեւմուտքն առայժմ պատրաստակամություն չի դրսեւորել բավարարելու Միսնկի բոլոր տնտեսական ախորժակները: