Ներկայումս Չերկասկում հայերեն կկարողանան սովորել ոչ միայն կիրակնօրյա դպրոցում, այլեւ շաբաթվա օրերին՝ Օ. Մ. Լուցենկոյի անվան №9 գիմնազիայիում կդասավանդեն քաղաքում միակ, իսկ Ուկրաինայում առաջին հայերենի դասընթաց: Այս մասին նշված է Չերկասկի քաղաքային խորհրդի Կրթական դեպարտամենտի կայքում, փոխանցում է Analitikaua-ն:

«Սա հայ համայնքի համար կարեւոր իրադարձություն է, քանի որ Չերկասկում հայկական մեծ սփյուռք է ապրում, որի ներկայացուցիչները պետք է տիրապետեն մայրենի լեզվին եւ այն ուսումնասիրելու հնարավորություն ունենան»,- նշել է Չերկասկի մարզային «Արարատ» համայնքի նախագահ Արմեն Հակոբյանը՝ հավելելով. «Ես երախտապարտ եմ գիմնազիայի տնօրեն Իրինա Թոփչիային՝ այս հարցում աջակցելու համար»:

Ինչպես նշել է № 9 գիմնազիայի տնօրեն Իրինա Թոփչիան, Չերկասկում այդպիսի դասընթաց չկա եւ ոչ մի դպրոցում:

«Մեր գիմնազիայում մեծ թվով հայազգի երեխաներ են սովորում: Այդ պատճառով Չերկասկի մարզային «Արարատ» համայնքի հետ որոշեցինք ուսուցումը սկսել հենց մեր հաստատությունում: Երեխաները մեծ հետաքրքրությամբ են ընդունել այդպիսի հնարավորությունը»,- ասել է Իրինա Վիկտորովնան:

«Ուսուցումը կկատարվի պետական ծրագրով, որը հաշվարկված է 4 տարվա համար: Առաջին տարին կսովորեն տառերը, կարդալ եւ գրել, հետո կսկսեն թարգմանություններ կատարել: Այնուհետեւ երկրի պատմություն եւ գրականություն կսովորեն»,- հայտնել է հայերենի ուսուցչուհի Շողիկ Մնացականյանը: