Խայտառակ փաստ է Տիգրան Մուկուչյանի թիմին կրկին առաջադրելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Իշխանությունը կատարեց մեծ զիջում մի հարցում` քվեարկված ցուցակների հրապարակման առումով,  բայց, այնուամենայնիվ, ցանկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պահպանել իր դիրքերը: Ով աջակցել է այդ կազմին, համարում եմ խայտառակություն, դա ըստ էության աջակցություն է ընտրակեղծարարությանը»,-ասել է Լեւոն Զուրաբյանը:

Նա նշել է, թեեւ ցուցակների հրապարակումը շատ հարցեր լուծում է, բայց զուտ սկզբունքային առումով անթույլատրելի էր պահպանել նույն կազմը:

«Իհարկե, ցուցակների հրապարակումը շատ հարցեր լուծում է, բայց զուտ սկզբունքային առումով կարծում եմ չի կարելի պահպանել նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը Սահմանադրական հանրաքվեի ժամանակ իրենց պահեցին պարտակողի դերում: Բոլոր ապացույցները բերել էինք Սահամանդրական հանրաքվեն անվավեր համարելու համար, բայց նրանք աչք փակեցին, հիմա նույն մարդկանց պետք է պահեն իրենց պաշտոններու՞մ: ԿԸՀ-ի դերը նրա մեջ է, որ երբ մենք բացահայտում ենք ընտրակեղծիքները, նրանք պիտի ընթացք տան, քննեն եւ լուրջ եզրակացություններ կատարեն»,-նշել է ընդդիմադիր գործիչը:

Նրա խոսքով` քվեարկված ցուցակների հրապարակման  մեխանիզմի կիրառումը թույլ է տալու ընտրատեղամասում կրճատել ընտրակեղծիքները, ինչի հետեւանքով փորանում է նաեւ ընտրակեղծարարության գործում ԿԸՀ-ի դերը, սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ գործում հմտացած կազմը պետք է պահպանվի նաեւ այս փուլում:

«Հիմա այն մեխանիզմը, որ կիրառել ենք,  թույլ է տալիս ընտրատեղամասում կրճատել խախտումները, այդ առումով փոքրանում է ԿԸՀ-ի դերը, բայց միեւնույն է նրանք մարդիկ են, որ ժամանակին հանցագորություն են կատարել`աչք փակելով ընտրակեղծարարության վրա: Եւ եթե այս անգամ ձեռք բերված Համաձայնագրի պատճառով ընտրակեղծարարության ծավալը մեծ չի լինի, դա չի նշանակում, որ նրանց կարելի է պահպանել»:

Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնում  առաջադրվել է նույն կազմը` Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ:  Մինչեւ նոյեմբերի 1-ը պետք է նրանք ընտրվեն։ ԿԸՀ ղեկավարին ընտրում է Ազգային ժողովը: Կազմում են Տիգրան Մուկուչյանը, Լաուրա Գալստյանը, Արմեն Սմբատյանը, Սեյրան Շահսուվարյանը, Նունե Հովհաննիսյանը, Գեորգի Մարտիրոսյանը եւ Սիլվա Մարկոսյանը։ Նոր Սահմանադրությամբ՝ ԿԸՀ անդամներին առաջադրում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ անդամների 3/5-ի ներկայացմամբ: Մուկուչյանի թեկնածությունն առաջադրողները եղել են այդ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, Լեւոն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Լեւոն Խաչատրյանը: ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրել: