Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնադրամի դրամաշնորհով ստեղծվել է «Արդարության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը», որն ազգային եւ միջազգային ատյանների միջոցով փորձելու է հասնել Հայոց ցեղասպանության հետեւանքով ոտնահարված իրավունքների վերականգնմանը։ ՀԻԿ-ը պաշտոնապես բացվեց այսօր` սեպտեմբերի 28-ին:

«Այսօր էլ, երբ Թուրքիան պաշարման մեջ է պահում աշխարհի հայ համայնքները, շրջափակել է Հայաստանի եւ Ղարաբաղի հայությանը, բորբոքում է պատերազմի բոցը, փորձում է լռեցնել Սփյուռքի համայնքները, Ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությունը շարունակում է դեռ մեծապես ազդել հայերի իրավունքների վրա»,- ստեղծման առիթով հրավիրված մամուլի ասուլիսին ասաց կենտրոնի վարչության նախագահ Քենեթ Խաչիկյանը:

Քենեթ Խաչիկյանի խոսքով` կենտրոնը համակարգելու է մարդու իրավունքների խախտումներին առնչվող հայցերը, հայտնաբերելու է հնարավոր հայցվորներին, հետաքննելու է խախտումները եւ հավաքելու անհրաժեշտ ապացույցներ:

Միջազգային իրավական գործունեությանը զուգահեռ կենտրոնը զբաղվելու է Ցեղասպանության ընթացքում բռնագրավված հավաքական գույքի` այդ թվում եկեղեցիների, դպրոցների, թանգարանների, մշակութային արժեքների, գրքերի հարցերով:

«Թուրքիայի դատարանում նույնպես կարելի է փորձել հարցեր բարձրացնել, ապա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր կենտրոնը կուսումնասիրի գույքի հետ կապված   խնդիրները, օրինակ` հայկական եկեղեցիների վերադարձը»,- ասաց նա:

ՀԻԿ գործադիր տնօրենը լինելու է Քեյթ Նահապետյանը` փաստաբան, որն ավելի քան տասը տարի Վաշինգտոնում զբաղվել է ամերիկահայերի իրավունքների պաշտպանությամբ։ ՀԻԿ-ի կենտրոնակայանը լինելու է Վաշինգտոնում: Վարչության անդամները Հայաստանից են եւ Սփյուռքի համայնքներից: