Շիրակի մարզի Գյումրի քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 2-ին,  ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 10 կուսակցություն եւ մեկ դաշինք:  Գ յումրեցիները կընտրեն ավագանի, իսկ ամենաշատ ձայն ստացած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա քաղաքապետ:

Ընտրություններին կմասնակցեն  «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ), «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմբում»  , «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները եւ «Բալասանյան» դաշինքը:

«Բալասանյան» դաշինքին  սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը:

Այսօր Գյումրիում առաջին անգամ քաղաքացիները ընտրություն կկատարեն ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջեւ եւ հաղթող քաղաքական ուժն էլ առաջիկա 5 տարիների ընթացքում կղեկավարի այդ քաղաքները:

Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի 375 համայնքներում, իսկ Գյումրիում եւ Վանաձորում՝ ավագանու: Քաղաքապետի ընտրություններ տեղի կունենա 26 քաղաքային համայնքում,  միայն համայնքի ղեկավար կընտրեն՝ 2 -ում, ավագանու անդամ՝ 8 եւ համայնքի ղեկավար եւ ավագանի 16 -ում:

Առավել թեժ ընտրություններ են սպասվում Գյումրիում, Վանաձորում, Արթիկում եւ Սեւանում: 

Վանաձորում համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Արթիկում առաջադրվել է քաղաքապետի երկու թեկնածու՝ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն ու Մխիթար Վարագյանը, վերջինիս ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում խոշոր բիզնեսներ ունի:

Սեւան քաղաքում պայքարում են անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որին սատարում է «Հանրապետական» կուսակցությունը եւ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, որին սակայն, «Հանրապետական» կուսակցությունը չի սատարում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի