Վանաձորում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Վանաձորում առաջին անգամ քաղաքացիները ընտրություն կկատարեն ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջեւ: Ամենաշատ ձայն ստացած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա քաղաքապետ:
ՀԱԿ-ի` Վանաձորի քաղաքապետի թեկնածուն «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանն է, իսկ ԲՀԿ ցուցակը գլխավորում է բժշկուհի Այծեմնիկ Օհանյանը, «Համախմբում» կուսակցության ցուցակը գլխավորում է Վահան Ղույումչյանը, «Լուսավոր Հայաստանինը»՝ Քրիստ Մարուքյանը, «Հայ հեղափոխական դաշնակցությանը»՝ Նելսոն Մամուլյանը, », Հանրապետականինը՝ Մամիկոն Ասլանյանը, «Հայկական վերածնունդինը»՝ Արկադի Փելեշյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Արամ Խաչատրյանը:
Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի 375 համայնքներում, իսկ Գյումրիում եւ Վանաձորում՝ ավագանու: Քաղաքապետի ընտրություններ տեղի կունենա 26 քաղաքային համայնքում, միայն համայնքի ղեկավար կընտրեն՝ 2 -ում, ավագանու անդամ՝ 8 եւ համայնքի ղեկավար եւ ավագանի 16 -ում:
Առավել թեժ ընտրություններ են սպասվում Գյումրիում, Վանաձորում, Արթիկում եւ Սեւանում:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 10 կուսակցություն եւ մեկ դաշինք: Ընտրություններին կմասնակցեն «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ), «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմբում» , «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները եւ «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող Հանրապետական կուսակցությունը:
Արթիկում առաջադրվել է քաղաքապետի երկու թեկնածու՝ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն ու Մխիթար Վարագյանը, վերջինիս ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում խոշոր բիզնեսներ ունի:
Սեւան քաղաքում պայքարում են անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որին սատարում է Հանրապետական կուսակցությունը եւ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, որին սակայն, իշխող կուսակցությունը չի սատարում:





























