Վանաձորում ընտրախախտումների մասին «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանի հայտարարություններն ընդամենը ենթադրություն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թիվ 30 ընտատարածքի ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Պապանյանը: Հանձնաժողովը պատասխանատու է Վանաձորի ավագանու ընտրությունների անցկացման համար:

Պապանյանի խոսքով՝ եղել է դեպք, երբ քաղաքացուն կասկածել են քվեաթերթիկը լուսանկարելու մեջ: «Մենք անմիջապես ոստիկանի հրավիրեցինք, ստուգեց քաղաքացու հեռախոսը, բայց նման ոչ մի լուսանկար չկար»,- վստահեցրեց հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ Վանաձորում ընտրողները լուսանկարում են իրենց քվեաթերթիկները: Նրա խոսքով՝ նման խնդիր է առաջացել շուրջ 10 ընտրական տեղամասում, ընդ որում՝ երկուսում համապատասխան արձանագրություն է կազմվել: