«Գյումրեցու ոգի» կուսակցությունից Գյումրիի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Արմեն Ներսիսյանն այսօր` հոկտեմբերի 2-ին, քվեարկության էր եկել բարձր տրամադրությամբ, զավակների ուղեկցությամբ: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անկուսակցական թեկնածուն նշեց, որ քվեարկել է հանուն երեխաների ապագայի:

«Հորդորում եմ գյումրեցիներին, որ ակտիվ մասնակցեն ընտրություններին, վերջապես մեր ընտրությամբ է պայմանավորված, թե ինչպիսին կլինի մեր ապագան հաջորդ հինգ տարիներին: Դրա համար հորդորում եմ, որպեսզի ակտիվ մասնակցեն»,- ասաց Արմեն Ներսիսյանը:

Թեկնածուի խոսքով` իր ցանկությունն է, որ արդար ընտրություններ անցկացվեն, որպեսզի ձեւավորվի այնպիսի ավագանի, որին գյումրեցին կվստահի: Հարցին` հավատո՞ւմ է արդար ընտրությանը, թեկնածուն պատասխանեց. «Ուզում եմ հավատալ: Արդյունքներից հետո պարզ կլինի: Ամեն դեպքում՝ իմ ցանկությունն է, որ արդար ընտրություն անցկացվի, որովհետեւ նոր փուլ է, ինչպիսի նշաձող սահմանենք, դրանով էլ առաջ կշարժվենք»:

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն ու մեկ դաշինք: