Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ դեռ պահպանվում է իշխանության վերարտադրության մեխանիզմը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ նշելով, որ ընտրության արդյունքները նաեւ ցույց տվեցին, որ այդ մեխանիզմը, սակայն, անպարտելի չէ. դա ապացուցում է ԳԱԼԱ կուսակցությունը Գյումրիում եւ «Լուսավոր Հայաստանը»՝ Վանաձորում:

«Այս կուսակցություններն ապացուցեցին մի շատ կարեւոր բան, որ իշխանությունը, օլիգարխիան այսօր անպարտելի չէ: Ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ ոստիկանությունն ուղղակի պասիվություն դրսեւորեց, ակտիվորեն չներգրավվեց ընտրություններին»,-ասաց նա:

Անդրադառնալով Գյումրիում եւ Վանաձորում ՀԱԿ-ի պարտությանը, քաղաքագետը նշեց, որ այս կուսակցությունը մեծ թվով ձայներ հավաքելու չի էլ ձգտել. «Ես չեմ էլ տեսել, որ այս կուսակցությունը ձգտի բարձ նիշի, որովհետեւ ՀԱԿ-ին այսօր հնարավոր չէ համարել ակտիվ քաղաքական ուժ: Իսկ, եթե պառլամենտում ներկայությունն էլ որպես գործոն դնենք մի կողմ, ապա դժվար կլինի նաեւ որպես քաղաքական ուժ համարել: Սա ցավով եմ ասում, որովհետեւ այն ռեսուրսը, որն ուներ ՀԱԿ-ը, ժամանակին ամենաանխնա ձեւով մսխվեց»:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձախողումը ՏԻՄ ընտրություններում, Ռուբեն Մեհրաբյանը  պայմանավորեց վերջին շրջանում կուսակցության գործելաոճով:

«Իմ կարծիքով այս կուսակցությունը վերջին ժամանակաշրջանում կոպիտ սխալներ թույլ տվեց եւ դա աննկատ չմնաց: Առաջին հերթին այն, որ կուսակցությունը որոշակի դիմակայություն հրահրեց այլ ընդդիմադիր ուժերի հետ, որը բացասական արձագանքի արժանացավ: Այս կուսակցությունը հրաժարվեց հստակություն մտցնել իր արտաքին քաղաքականության պատկերացումների մեջ՝ հնչեղ ու անբովանդակ լոզունգներով, սա էլ հասարակության կողմից աննկատ չմնաց»,-ասաց նա:

Անդրադառնալով Գյումրիում եւ Վանաձորում «Վերածնունդ կուսակցության» ունեցած հաջողություններին՝ քաղաքագետը նշեց. «Այս  կուսակցության մեջ ներգրավված են նաեւ ֆինանսական, ինչ-որ տեղ նաեւ վարչական ռեսուրսներ: Բացի դրանից էլ կուսակցության հնչեղ անվանումը մարդկանց մոտ որոշակի սպասելիքներ է ծնում, սակայն, չեմ կարծում, որ հավաքած տոկոսները դրանով են պայմանավորված, բայց հաշվարկը դրա վրա էր կառուցված: Գյումրիում այդ ցուցանիշը պայմանավորված էր մի քանի հայտնի անձանց ներգրավվածությամբ այդ կուսակցությունում»: