Եթե ընդդիմությունը նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններում խախտումներ է տեսել, ապա անհասկանալի է, թե ինչու չի արձանագրել դրանք։ Այս մասին հոկտեմբերի 3–ին՝ ճեպազրույցի ժամանակ, լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ընդդիմությունը հոկտեմբերի 2-ի առավոտվանից բողոքում էր «կարուսելներից», ընտրակաշառքներից եւ այլ խախտումներից՝ Շարմազանովը նշել է, որ դժգոհողներն ավելի քիչ են եղել, քան նախորդ ընտրություններում։

«Եվ  հետո, եթե նրանք ինչ–որ խախտումներ են նկատել, ապա ինչու դրանք չեն արձանագրե։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ շատ բան հնարավոր է տեսագրել սովորական հեռախոսով»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզերի 375 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են կայացել։ Գյումրիում եւ Վանաձորում դրանք ընթացել են նոր Սահմանադրության համաձայն. հաղթած կուսակցության ցուցակների առաջին համարները դարձել են քաղաքապետեր։