Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակումը դրական կլինի. դա պաշտպանական ոլորտի ուշադրության աստիճանի բարձրացման ինդիկատոր է հանդիսանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, այդ պաշտոնում Վիգեն Սարգսյանի առջեւ լուրջ խնդիրներ են կանգնած, առաջնահերթ հարցերից բացի նա պետք է հեռանկարային լուծումներ գտնել: Մինասյանը նշել է, որ նոր նախարարի համար առաջնահերթություններից պետք է լինի նոր ռազմական դոկտրինի, ընդհանրապես, անվտանգային, պաշտպանական ոլորտում կոնցեպտուալ փաստաթղթերի ստեղծումը, զսպման ռազմավարության մշակումը:
«Հասկանալի է, որ ապրիլյան իրադարձություններից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում անհրաժեշտ էր բարձրագույն ղեկավարության ավելի ակտիվ ներգրավածությունը: Բացի այդ՝ բավականին տեղյակ է այս ոլորտին: Այն հանգամանքը, որ քաղաքացիական անձ է նշանակվում այս պաշտոնում, նույնպես չպետք է լուրջ զարմանաք առաջացնի, քանի որ Հայաստանում ունենք պրակտիկա»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Մովսես Հակոբյանը նշանակմանը, Սերգեյ Մինասյանն ասաց, որ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի նշանակումը որոշ քաղաքական մեսիջ ունի. արցախցի զինվորականի նշանակումն Ադրբեջանին, արտաքին ուժերին մեսիջ է ավելի կոշտ, վճռական ռազմական քաղաքականություն իրագործելու մասին, այդ թվում նաեւ՝ որեւէ մեկի մոտ չպետք է խնդիրներ առաջանա տարածքների, միակողմանի, ոչ համաչափ զիջումների հնարավորության առումով»:





























