Էդվարդ Նալբանդյանը սովետական դպրոցի դիվանագետների շարքից է եւ բավականին անհարմար գործընկեր է ադրբեջանցի եւ թուրք իր գործընկերների համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա նշել է, որ Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվելու է ԱԳ նախարարի պաշտոնում:

«Կարծում եմ՝ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակման  դեպքում տրամաբանությունը հասկանալի է: Իրականում, ի տարբերություն մոտեցումների, հասարակության մեջ կարծիքների, վերանշանակման գլխավոր պատճառը պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանի համար կարեւոր են որոշ այլ հատկանիշներ, որոնք երեւի թե այնքան էլ տեսանելի չեն հասարակության համար»,-ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով, սովետական դիվանագիտական դպրոցը եւս ունի իր թերությունները, բայց «գուցե նախագահի հաշվարկներով, դա  լիովին կոմպենսացվում է այն հատկանիշներով, որոնք երեւում են ադրբեջանցի եւ թուրք գործընկերների հետ գործունեության մեջ»:

Նշենք, որ այս պահի դրությամբ դեռեւս նշանակված չեն ԱԳ եւ պաշտպանության նախարարները: