Դատավորները վախենում են պատասխանատվության կանչել ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին։ Այս մասին հոկտեմբերի 3-ին Աժ-ում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին։

Նրա խոսքով խոսնակը չարաշահել է իր լիազորությունները ու պատգամավորների քննարկմանը չի դրել «Սասնա ծռեր» զինված խմբի ժողովրդական ապստամբությանն աջակցելու մասին» հայտարարության նախագիծը։ «Ես դիմել եմ դատարան ու մի քանի անգամ հայց ներկայացրել Ձեզ պատասխանատվության կանչելու մասին։ Բայց դատական համակարգը, որը ենթարկվում է մեկ մարդու, կատարում է իրեն տրված հրահանգները։ Դատավորներին ստիպել են այնպես անել, որ իմ ներկայացրած հայցը ընթացք չստանա։ Այն նույնիսկ քննարկման չեն ընդունել»։

Ճիշտ այդպես էլ ԱԺ խոսնակը ընթացք չի տվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու մասնակցությամբ հրաձգության գործով քննության թափանցիկությունն ապահովելու մասին «Ժառանգության» պահանջին, հավելել է Փոստանջյանը։