Հոկտեմբերի 2-ին տեղի ուենցած ՏԻՄ ընտրությունները փաստեցին, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մնում է քաղաքական համակարգի առաջատարը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները Արմեն Աշոտյանը բնորոշեց որպես «կինոյի միջի ընտրություններ»։

«Ինչպես ինձ գրեց մի քաղաքացիական ակտիվիստ անձնական նամակով, Վանաձորի ընտրությունները նման էին կինոյի միջի ընտրություններին իրենց քարոզարշավով»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով, որ ողջունելի է նոր ուժերի ի հայտ գալը քաղաքական դաշտում, բայց ընդդիմադիր հին ուժերն էլ՝ ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը», այս ընտրություններով վերահաստատեցին իրենց դիրքերը։

«Շատ վաղ էր հաշվից հանել ավանդական ընդդիմադիր կուսակցություններին։ ԲՀԿ-ն վերահաստատեց իր մրցունակ քաղաքական ուժ լինելը Գյումրիում։ «Հայկական  վերածնունդը» անսպասելի հաջողություն գրանցեց։ ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» որպես ընդդիմադիր մրցունակ քաղաքական ուժեր ավելի բարդ բանակցային պարտնյորներ կլինեն նորելուկ քաղաքական ուժերի համար»,- ասաց նա։   

ՀՀԿ փոխնախագահը նշեց նաեւ, որ բացի Գյումրիից եւ Վանաձորից եթե հաշվի առնենք նաեւ համայնքներում առաջադրված՝ «Լուսավոր Հայաստանի»  թեկնածուների քաղաքական ճակատագրերը, կարելի է ասել, որ այդ կուսակցության թեկնածուները ամբողջ հանրապետությունով մեկ պարտվել են։   «2012թ. Էդմոն Մարքույանը այդ տարածքից ստացել է 1000-ով ավելի ձայն, քան  «Լուսավոր Հայաստանը» ստացել է երեկ։ Գործերն այնպես չէ, որ փայլուն են, միայն այն փաստը, որ գերեթե նույն աշխարհագրական դիրքով 4 տարվա պատգամավորը իր նոր կուսակցությամբ 1000 ձայն է կորցնում, սա պետք է քաղաքական վերլուծությունների հնարավորություն տա բոլորի համար»,- ասաց նա: