Վանաձորում ՀՀԿ-ն չի հաղթել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«ՀՀԿ-ն այստեղ պարտվել է: Ես չեմ հիշում որևէ այլ ընտրություն, որտեղ ՀՀԿ-ն  այս կարգի ջախջախիչ պարտություն կրած լիներ։ Տեղամասեր կան, որտեղ մենք նույնիսկ հաղթել ենք ՀՀԿ-ին: Կարծում եմ՝ այս ընտրության արդյունքում ավելի ամրապնդվեց մեր կուսակցության բրենդը»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը՝ ընդգծեց, որ այժմ անհրաժեշտ է, որպեսզի ավագանու ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» միավորվեն, որպեսզի կարողանան ստանալ Վանաձորում քաղաքապետ նշանակելու հնարավորություն»:

Նշենք, որ ըստ նախնական տվյալների՝ 13 մանդատ է ստացել ՀՀԿ-ն, 10 մանդատ՝ «Լուսավոր Հայաստանը», 5 մանդատ՝ «Հայկական վերածնունդը», 3 մանդատ ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 2 մանդատ՝ ՀՅԴ-ն։

Միաժամանակ Մարուքյանը շնորհակալություն հայտնեց վանաձորցիներին իրենց վստահության քվեի համար՝ նշելով, որ իրենք գոհ են արդյունքներից՝  «հատկապես ՀՀԿ-ի օգտագործած վարչական եւ այլ ռեսուրսների պարագայում»։

Եթե երկու կուսակցությունները չընդունեն Մարուքյանի առաջարկները,  կուսակցությունը խոստանում է առավելագույնս արդյունավետ աշխատել իր  10 մանդատի շրջանակներում: