Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն եւ մշակութային զարգացում: Այս մասին, Մոսկվայում ԱՊՀ ուսուցիչների եւ կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարի ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մոտվիենկոն:

Հանդես գալով համագումարում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը  մասնավորապես նշել է. «Հասարակությունում կրթության դերի ու տեղի հստակեցումը մշտապես  հրատապ խնդիր է եղել, որը քննարկվել է քաղաքակրթության զարգացման բոլոր փուլերում: «Կրթության փիլիսոփայություն» հասկացության վերաիմաստավորումն առավել սուր է 21-րդ դարում: Ժամանակակից կրթական համակարգերն արտահայտում են հասարակությունում լայնածավալ որակական փոփոխություններ եւ բախվում են այն նույն  հակասություններին` ինչին բախվում է  հենց ողջ հասարակությունը»:

Պատմական էքսկուրս անցկացնելով անկախության 25  տարիներով՝ նախարար Լեւոն Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտը Հայաստանում դժվար շրջան է ապրել. «Մի կողմից  պայմանավորված աշխարհաքաղաքական իրադարձություններով, մյուս կողմից` սեփական ազգային համակարգի կայացմամբ մեր երկիրը զարգանում էր բարդ քաղաքական եւ տնտեսական պայմաններում` 1988 թվականի ահավոր երկրաշարժը, որն ավերեց հանրապետության տարածքի 30 տոկոսը, Թուրքիայի կողմից շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան, Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի ջարդերը եւ խոշտանգումները վերապրած հայ փախստականների հսկայական հոսքերը: Կրթության ընդհանուր որակի անկման գործընթացների կանխման համար պետք էր ստեղծել հասարակության զարգացման եւ կրթական պարադիգմաների ամբողջական  հայեցակարգ»,- նշել է Լեւոն Մկրտչյանը: 

90-ականների վերջը եւ 2000-ականների սկիզբը, երբ մշակվել է ազգային կրթական ծրագիրը,  համարելով բեկումնային՝  ԿԳ նախարարը ձեւակերպել է կրթության զարգացման այսօրվա ձեւաչափը. «Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի նոր սերնդի գիտելիքահեն եւ մշակութային զարգացում, իսկ կրթության կառուցողական հիմքը` հումանիզմի, ժողովրդավարության եւ կրթության հեռանկարների գաղափարախոսություն: Հնարավոր չէ, այս ամենը պատկերացնել առանց մեր երկրների կրթական  հասարակությունների միջեւ ինտեգրացիոն գործընթացների նոր ընկալման զարգացման հեռանկարների»:

Համագումարի ընթացքում ԱՊՀ «Կրթության գերազանցիկ» մեդալով Հայաստանի կողմից պարգեւատրվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը, Պլեխանովի անվան տեխնիկական համալսարանի երեւանյան մասնաճյուղի դասախոս Գայանե Յազիչյանը,Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը եւ Հայաստանի ռուսաց լեզվի եւ գրականության ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը:

Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու  մատչելիության բարելավման գործոն  ԱՊՀ անադամ պետություններում» խորագրի ներքո: