Ընտրակաշառք եթե Գյումրիում լիներ, փաստ կլիներ, ոչ մի փաստ չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որն աշխատում էր «Բալասանյան» դաշինքի օգտին:
«Ես ծանոթացել եմ ընտրախախտումների մասին լրատվամիջոցներով եւ լուրջ բան չենք նկատել»,-ասաց գյումրեցի պատգամավորը:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, Մարտուն Գրիգորյանը աշխատել է Բալասանյանի օգտին հաջորդ խորհրդարանում մանդատ ունենալու խոստման դիմաց: Չի բացառվում, որ նա հենց ՀՀԿ-ի ցուցակում հանգրվանի:
Այս կապակցությամբ Գրիգորյանն ասաց. «Կգան Ազգային ժողովի ընտրությունները, մանդատի հետ կապված ամեն ինչ հստակ կլինի: Ես որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր պատրաստվում եմ առաջադրվել, թե որ կուսակցությունով, որի ցուցակով, կգա ժամանակը կասեմ»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին, Գյումրիի քաղաքային ընտրություններում «Բալասանյան» դաշինքը ստացել է 34,75 տոկոս ձայն: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ 21,66 տոկոս ձայնով, ապա գալիս են «Հայկական վերածնունդը» (10,62 տոկոս) եւ ԳԱԼԱ-ն (10,47 տոկոս):
Մյուս ուժերը չեն հաղթահարել նվազագույն 6-տոկոսանոց շեմը:





























