Czech Republic Product նախագծի հիմնադիր Ռադեկ Կուբիչեկը NEWS.am-ի հետ հարցազրույցում խոսել է հայ եւ չեխ ձեռնարկատերերի ընդլայնվող կապերի մասին, որոնք կարող են մատակարարել  եւ՛ հայտնի, եւ՛ մեկը մյուսի համար նոր ապրանքներ ու ծառայություններ: Օրինակ՝ արեւային վահանակներ կամ պարարտանյութերի մնացորդներից հողի մաքրման տեխնոլոգիաներ: Հայկական ընկերությունները պարտքի տակ չեն մնում, հավաստիացնում է Կուբիչեկը: Czech Republic Product-ի նպատակն է ամբողջ աշխարհում չեխական ընկերությունների առաջմղումը՝ օգտվելով Չեխիայի պետական կազմակերպությունների ներկայացուցչությունների կամ առեւտրի պալատների աջակցությունից, այդ թվում՝ նաեւ Չեխ-հայ-սլովակյան առեւտրի պալատի:

Չեխական ինչպիսի՞ ապրանքներ եւ տեխնոլոգիաներ են ներկայացված հայկական շուկայում:

Առկա է համագործակցության երեք հիմնական ճյուղ: Առաջինն էներգետիկան է. այս ճյուղում Czech Republic Product-ի նախագծում ներկայացված են էներգետիկայի երեք ձեռնարկություններ, որոնք բավական խոշոր են եւ միջազգային փորձ ունեն: Դրանք գեներատորներ, տուրբիններ, կաթսաներ եւ էլեկտրակայանների այլ սարքավորումներ են արտադրում: Ըստ որում՝ մեր ընկերությունները տարածաշրջանում աշխատանքի փորձ արդեն ունեն, իսկ հայ էներգետիկները կարող են ծանոթանալ, թե այդ տեխնոլոգիաները որտեղ են արդեն կիրառվել:

Չմոռանանք նաեւ այլընտրանքային էներգետիկայի մասին: Ժամանակին մենք վերապրել ենք «արեգակնային բումը»՝ մեծապես այն մարդկանց տրամադրվող պետական աջակցության շնորհիվ, ովքեր ցանկանում էին տեղակայել եւ օգտագործել արեւային վահանակներ: Եվ այժմ երկրի էներգահավասարակշռման զգալի բաժինը արեգակի շնորհիվ է: Կարծում ենք՝ ձեզ մոտ դա եւս միանգամայն հնարավոր կլինի՝ ձեր արեւի պայմաններում: Մենք կարող ենք այդ հարցում օգնել. մենք արեւային կայաններ արտադրողներ ունենք, որոնք արդեն արտահանվում են տարբեր երկրներ: Չեխ արտադրողները կարող են կարեւոր դերակատարում ունենալ նաեւ միջուկային, ջրի կամ քամու էներգետիկայում:

Երկրորդ ճյուղը սնունդն է: Հայկական ընկերությունները մեզ գրել են, որ իրենց հետաքրքրում է չեխական գարեջուրը, իսկ ինչ-որ մեկը նույնիսկ գարեջրագործարանի շինարարությամբ է հետաքրքրվել, որպեսզի այն տեղում պատրաստվի: Գարջրից զատ, հսկայական հետաքրքրություն է առաջացրել մյուսլին, որի մեջ մեղր, ընկույզ եւ չիր է պարունակվում՝ առողջ նախաուտեստի համեղ տարբերակ է:

Երրորդը տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Հայաստանում դրանք շատ զարգացած են, եւ ձեր ընկորությունները չեխական բիզնեսին առաջարկելու բան ունեն: Մենք համատեղ ձեռնարկություններում հեռանկարներ տեսնում ենք. մեր եւ ձեր ՏՏ մասնագետները արդեն cloud տեխնոլոգիաների համատեղ պլաններ են մշակում:

Իսկ չեխական ՏՏ ընկերությունները հայ գործընկերներին պատրաստ են ուսուցում առաջարկել, փոխանցել տեխնոլոգիական բիզնեսի կազմակերպման իրենց գիտելիքները, իսկ հետագայում, եթե անհրաժեշտ լինի, տեխնիկական աջակցություն ցույց տալ:

Հայաստանում CzechRepublicProduct-ի խնդիրն է հայ ձեռնարկատերերին չեխական տեխնոլոգիաների հնարավորությունները ցույց տալը, իսկ սպառողներին՝ չեխական ապրանքների որակը:

Գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հաջող օրինակ է աղբի վերամշակման եւ Արմավիրի մարզում ջերմոցների կառուցման 33 մլն եվրո արժեքով նախագիծը: Չեխական բիզնեսն արդյոք հետաքրքրվո՞ւմ է ագրարային նոր նախագծերով:

Չեխիայում կան արտահանման փորձով ջերմոց արտադրողներ: Առկա է նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի եւ համապատասխան պահեստամասերի արտադրության մեծ պոտենցիալ: Արտադրողներից ամենահայտնին  Zetor-ն է, որը Եվրոպա եւ Ասիա է արտահանում տրակտորներ եւ այլ տեխնիկա:

Չեխական բիզնեսը նաեւ պարարտանյութերի մնացորդների հեռացման եւ հողի փխրեցման տեխնոլոգիաներ է մշակում: Այդպիսի տեխնոլոգիաները կարող են օգնել Հայաստանի գյուղատնտեսությանը, քանի որ երկրի որոշ շրջանների հողի մեջ պահպանվել են ազոտային պարարտանյութերի բազմամյա մնացորդներ:

Հայաստանում շատերը չեխական գարեջուրը, կոշկեղենը, ապակեղենը հիշում են դեռեւս խորհրդային ժամանակներից, երբ Չեխիան Չեխոսլովակիայի մի մասն էր: Իսկ ի՞նչ կարող են հայկական շուկայում ներկայացնել Սլովակիայի գործարարները:

Ցանկանում եմ նշել, որ Սլովակիայում մշտապես նույն որակն է պահպանվել, ինչ Չեխիայում: Այդ պատճառով նրանք, ովքեր ծանոթ են չեխական արտադրանքի որակին, կարող են նույնքան վստահ լինել նաեւ սլովակյան արտադրանքի որակին:

Այս տարի մեր Չեխ-հայկական առեւտրի պալատին են միացել նաեւ Սլովակիայի գործընկերները, եւ պալատը եռակողմ է դարձել: Ապրիլին Երեւանում բացվել է պալատի ներկայացուցչությունը, ընտրվել է հայ գործադիր-տնօրեն՝ Հովհաննես Գեւորգյանը: Կարծում եմ՝  Հայաստանին կարող է հետաքրքրել նաեւ սլովակյան շուկան:

Իհարկե, առաջին հերթին զարգացնում ենք գործարար կապերը, բայց եւ հասկանում ենք մշակութայինի անհրաժեշտությունը: Հետեւաբար՝  շատ կցանկանայինք Չեխիայում եւ Սլովակիայում ներկայացնել հայկական խոհանոցն ու ավանդույթները:

Չեխական խոհանոցը եւս արժանիորեն հռչակավոր է: Միայն կնեդլիկներն ինչ ասես արժեն…

Ահա եւ ցանկանում ենք ձեզ ավելի լավ ծանոթացնել չեխական գարեջրի եւ կնեդլիկների հետ, իսկ մեզ մոտ տանել ձեր թարմ բանջարեղենը:

Չեխիայում հայ համայնքը մեծ չէ եւ այնտեղ այնքան էլ մեծաթիվ չեն գործարարները: Այդտեղ առավել հայտնի է Marlenka տորթեր արտադրող ընկերությունը, որը հիմնադրել են ծագումով հայաստանցիները: Կա՞ն ուրիշները եւս, եւ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են պալատի հետ համագործակցել:

Մի քանի հայ ձեռնարկատերեր աշխատում են զբոսաշրջության ոլորտում: Ձեր հայրենակիցներից մեկը Հարավային Մորավիայում սուջուխ է արտադրում: Չեխիան ճանաչում են որպես գարեջրի երկիր, բայց Մորավիայի մեր մարզը հայտնի է իր խաղողով եւ գինիով: Այնպես որ, սուջուխը հայերը պատրաստում են չեխական խաղողով:

Սլովակիայի հայ համայնքը եւս մեծ չէ, բայց Եվրոպայում ամենաակտիվներից մեկն է: Այն օգնո՞ւմ է Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը:

Մենք հանդիպել ենք Սլովակիայի ազգային օպերայի մենակատար Գուրգեն Հովսեփյանի հետ, ում անունը հայտնի է ամբողջ երկրում: Որքան ավելի շատ են այդպիսի հանդիպումներն ու ծանոթությունները, այքան սերտ են մեր երկրների միջեւ կապերը:

Ցանկանում եմ նշել, որ սլովակները, որոնց թվում մեծ թվով հավատացյալ կաթոլիկներ կան, ցանկանում են ճանապարհորդել Հայաստանի քրիստոնեական տեսարժան վայրերով:

Ձեզ հաջողվե՞ց նոր կապեր հաստատել «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսում:

Իհարկե: Հայկական ընկերությունները, ամեն ինչից զատ, մեզ առաջարկեցին կապ հաստատել նաեւ Ռուսաստանի, հարեւան Իրանի, նույնիսկ Հարավային Աֆրիկայի գործընկերների հետ:

Մենք առաջարկելու բան ունենք: Չեխիան այնքան էլ մեծ երկիր չէ, սակայն զարգացած տեխնոլոգիաներ ունի եւ որակի արժանի հեղինակություն: Բարեխիղճ ձեեռնարկատերեր կան նաեւ Հայաստանում: Իսկ դա նշանակում է, որ աշխատելու ասպարեզ էլ կա: