Իսլամական աշխարհի շուրջ «ստոր զարգացումներ» են տեղի ունենում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ում ընդունված օրենքը, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին իրավունք է տալիս դատական հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ: Այս մասին գրում է Hurriyet-ը:

Նա մահմեդական երկրներին համախմբման եւ համերաշխության կոչ է արել: «Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան թիրախ են դառնում... Մենք տեսնում ենք, որ ստորջրյա բոլոր խութերն ու ծրագրերն ուղղված են իսլամական աշխարհի դեմ: Այդ պատճառով իսլամական աշխարհի պետությունները պետք է համագործակցեն»,- նշել է նա:

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դժգոհություն է հայտնել ընդունված օրենքի առիթով: Նրա խոսքով՝ Թուրքիան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկելու Իսլամական համագործակցության կազմակերպությունում:

Բացի այդ, Էրդողանը նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի եւ արդարադատության նախարարներին հանձնարարել է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ՝ «այդ լուրջ սխալն» ուղղելու համար: