Հայաստանում ավելի դյուրին կդառնա ազգակցական եւ ամուսնական կապերի հաստատումը: Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանում «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Այն դեպքերում, երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները կդժվարանան նման տվյալներ տրամադրել, կարող են օգնել նոտարները, եթե քաղաքացիներն անհրաժեշտ փաստաթղթեր ունենան:
Դժվար իրավիճակներ են առաջանում, երբ կինն ամուսնու ազգանունն է վերցնում, բայց հարկավոր է լինում ապացուցել ազգականների հետ կապը (օրինակ՝ ժառանգության խնդիրների դեպքում): Մեկ այլ խնդիր է, երբ նույն ընտանիքի անդամները մեկ տառի տարբերությամբ երկու ազգանուն են ունենում (օրինակ՝ Հովհաննիսյան եւ Հովհաննեսյան):
«Մեկ տառի պատճառով քաղաքացիները դատարան են դիմում՝ ապացուցելու համար, որ իրականում ազգականներ են: Հիմա կարելի է այդ հարցերով նոտարին դիմել: Կարեւորն անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն է, որոնցով ազգակցական փաստն անվիճելի կլինի»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:





























