«Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստ է աջակցել Էդմոն Մարուքյանի առաջարկին, եթե «Լուսավոր Հայաստանը», հաշվի առնելով  «Հայկական վերածնունդ» կուսակցության ազդեցության համապետական  մակարդակը, առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին միանա «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որը հնարավորություն կտա ձեւավորել առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կուսակցության մամուլի ծառայությունից: Տարբերակ երկրորդ` ՀՎԿ-ն առաջարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի ԼՀ-ն Վանաձորում միանա  «Հայկական վերածնունդ» կուսակցությանը եւ հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը: «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ միայն լայն հասարակական-քաղաքական  համախմբումը հնարավորություն կտա երկրում որակական փոփոխություն արձանագրել եւ, եթե «Լուսավոր Հայաստանը»  իսկապես այդ իրական փոփոխությունների ջատագովն է, ապա սա շատ լավ հնարավորություն է համատեղել  ուժերը եւ գործընթացը մեկնարկել հենց Վանաձորից` հետագայում այն  տարածելով ամբողջ երկրում:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ էր արել Վանաձորում «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցություններին միանալ եւ առաջադրել քաղաքապետի միասնական թեկնածու: