Հայաստանի տնտեսության առջեւ կանգնած բոլոր խնդիրներն ունեն զուտ քաղաքական պատճառներ՝ շրջափակում, կոռուպցիա, մենաշնորհներ, հետեւաբար այդ խնդիրները կարող է լուծել միայն քաղաքական թիմը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքական վերլուծաբար Արմեն Բաղդասարյանը:

«Եկել է մի կառավարություն, որը տեխնոկրատներ են, քաղաքական թիմ չէ, ուստի չի կարող լուծել քաղաքական խնդիրներ: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը գնացել նման փոփոխությունների. շատ պարզ պատճառով. երկրում խնդիրները շատ են, պետք են հաց եւ տեսարաններ, հացը չի կարողանում ապահովել, մնում են տեսարանները: Սերժ Սարգսյանը նշանակել է իր կարծիքով լավագույն շոումենին: Հիմա եթե պետք է քննարկենք՝ Կարեն Կարապետյանը լավ շոումեն է, թե վատ, իմ կարծիքով լավ շոումեն է: Դրանից, սակայն, տնտեսությունը չի զարգանալու»,-ասաց նա:

Վերլուծաբանի խոսքով, այս շոուներով իշխանությունը հեացնում է այդ փոփոխությունը. «Նրանց ցանկացած քայլ տնտեսությանը վնասելու է, որովհետեւ նրանք այդ շոուներով հասարակության ուշադրությունը շեղում են եւ հեռացնում քաղաքական փոփոխությունները երկրում: Ասենք գնդակը 20 անգամ նետում են երկինք, ընկնում է, հետո ասում են՝ գուցե 21-րդ անգամ չընկնի, նետողին են փոխում, մինչդեռ պատճառն է պետք հասկանալ»: