Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը միանգամայն սխալ եմ համարում. ակնհայտ է, որ դա տեղի ունեցավ արտաքին ճնշման հետևանքով, քանի որ բոլորին հայտնի իրողություն է՝ Էդվարդ Նալբանդյանը սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Մոդուս Վիվենդի»վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով, այստեղից է, Վիգեն Սարգսյանի նշանակումը. ի սկզբանե նախատեսված էր նրան նշանակել Արտաքին գործերի նախարար, բայց պաշտպանության նախարար նշանակվեց. «Նալբանդյանի նշանակումով ակնհայտ դարձավ, որ մեր ինքնիշխանությունն էապես խաթարված ու սահմանափակված է, որովհետև ԱԳՆ-ն թիվ մեկ քաղաքական նախարարությունն է»:
Ըստ նրա՝ տարբեր իրադարձությունների ժամանակ ՊՆ-ն իր վրա էր վերցրել որոշակի դիվանագիտական առաքելություն. «ԱԳՆ-ի պասիվության պարագայում պաշտպանության նախարարը որոշակի գործունեություն էր ծավալում ոչ միայն՝ զինվորական կցորդների միջոցով, այլ նաև՝ հանդիպումներ դեսպանների հետ, հրավերներ, և այլն, որն ԱԳ նախարարի լիազորությունների և պարտավորությունների շրջանակում է։ Վիգեն Սարգսյանի նշանակումն այդ դիվանագիտական բաղադրիչը ՊՆ-ում ավելի կմեծացնի։ Այսինքն՝ ակնհայտ է, որ նա կզբաղվի ոչ միայն՝ ներքին հարցերով, այլև՝ ավելի ընդլայնված դիվանագիտական գործունեությամբ»։
Հարցին՝ կկարողանա՞ Վիգեն Սարգսյանը ՊՆ-ում պայքարել կոռուպցիայի դեմ և սաստել կոռումպացված գեներալներին, Արա Պապյանը պատասխանեց. «Վիգեն Սարգսյանի՝ համակարգից չլինելն ավելի լավ է, այսինքն՝ չունի այդ կապվածությունը տարբեր գեներալների հետ, որոնք տասնամյակներով իրար հետ ծառայելով՝ իրար հետ աճել ու տալ-առնելու խնդիր են ունեցել։ Նա դրսից է, ու ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի միջոցով պետք է իրականացնի որոշակի քաղաքականություն, այսինքն՝ ինքն այդ նախարարությունը վերցնում է իր անմիջական վերահսկողության տակ։ Հիշենք, որ որոշ ժամանակ առաջ դա Կուտոյանի հետ էր կապված, երբ անվտանգության խնդիրներ կային, կարծում եմ՝ հաջորդը լինելու է Վովա Գասպարյանը, բայց դա՝ ընտրություններից հետո, որովհետև ընտրություններից հետո հաստատ արյուն է թափվելու, դա կանեն Վովա Գասպարյանի ձեռքով, հետո իրեն կհանեն, կբերեն մեկ այլ երիտասարդի։ Այսինքն՝ բոլոր այդ ուժային նախարարություններում Սերժ Սարգսյանը կդնի իրեն հավատարիմ երիտասարդների»։
Հարիցն, թե ինչի՞ց է ենթադրում, որ ընտրություններից հետո արյուն է թափվելու, Պապյանը պատասխանեց. «Անպայման լինելու են բազմաթիվ խախտումներ, ժողովուրդն ընդվզելու է, իշխանությունն այլ միջոց չունի ժողովրդին հանգստացնելու, քան բռնաճնշումների դիմելը»։ Նրա խոսքով, երբ հասարակությունը տեսնում է, որ խաղաղ ճանապարհով անհրան է հասնել փոփոխությունների, մեծ մասը հիասթափվում և արտագաղթում է, փոքր մասը դառնում է ավելի ծայրահեղ ու փորձում դիմել ինչ-որ միջոցների. «Մարդիկ մտածում են՝ ոչ թե սխալ է ուժի դիմելը, այլ սխալ է, որ քիչ են դիմել»:




























