Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «կարող է գրողի ծոցը գնալ», հայտնում է AP–ը։

Դուտերտեն կոպիտ է արտահայտվել ԱՄՆ նախագահի հասցեին՝ իր ելույթում անդրադառնալով Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պայքարի մեթոդների քննադատությանը։

Բացի այդ, նախագահը բողոքել է ԵՄ–ից, որը նույնպես քննադատում է թմրանյութերի դեմ պայքարի Դուտերտեի քաղաքականությունը։

Ֆիլիպինների նախագահը հայտնի է համաշխարհային առաջնորդների հասցեին իր համարձակ հայտարարություններով։ Այսպես՝ Չինաստանում G20 գագաթնաժողովի շեմին նա Օբամային «շան որդի» էր անվանել, քանի որ վերջինս հանդիպման ժամանակ մտադիր էր անդրադառնալ Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պայքարի ընթացքում ավելի քան 2 հազար մարդու մահվան թեմային։