Գյումրիում եւ Վանաձորում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ Հայ ազգային կոնգրեսը կորցրեց իր տեղը քաղաքական դաշտում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ նախկինում ՀԱԿ-ն արդյունավետ վերահսկում էր արմատական դժգոհող ընտրազանգվածը, հիմա իր հռետորաբանությամբ եւ պահվածքով չափավոր ընդդիմադիր ուժ դարձավ, սակայն համապատասխան ընտրողների համակրանքը չունի։
«Այս տեսանկյունից, իհարկե, ՀԱԿ-ի համար կասկածի տակ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու հնարավորությունը»,- ընդգծել է Ստեփան Սաֆարյանը։
Անդրադառնալով հարցին, արդյո՞ք սա արմատական ընդդիմադիր հռետորաբանությունից մինչեւ այս կամ այն հարցի շուրջ իշխանությունների հետ բանակցելուն հասնելու արդյունք չէ, քաղաքագետը նշեց. «Արմատական ընդդիմությունից դեպի ավելի չափավոր, կառուցական, բոյկոտող դիրքերից բանակցային պահվածքին անցնելով նրանք կորցրեցին իրենց ընտրողներին, որոնք, ինչպես պարզվեց, համակրում են այնպիսի արմատական խմբի, ինչպիսին «Սասնա ծռերն» է։ Արդյունքում նրանք նաեւ նոր ընտրողների համակրանքը չշահեցին։ Այդ պատճառով արձանագրված արդյունքները շատ վատն են, որպեսզի կարողանանք խոսել ապագա խորհրդարանական ընտրություններում այս կուսակցության հաղթանակի կամ անհրաժեշտ անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորության մասին»,- ամփոփեց Ստեփան Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքները հետեւյալն են. «Բալասանյան» դաշինք՝ 34.75%, ԲՀԿ՝ 21.66%, «Հայկական վերածնունդ»՝ 10.62%, «ԳԱԼԱ»՝ 10.47%, «Գյումրեցու ոգի»՝ 5.74%, «Համախմբում»՝ 5.72%, ՀՅԴ՝ 5.36%, «Դաշինք»՝ 1.79%, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 1.48%, Գործարարների կուսակցություն՝ 1.29%, Հայ ազգային կոնգրես՝ 1.09%։
Վանաձորում պատկերը հետեւյալն է. ՀՀԿ՝ 37.6%, «Լուսավոր Հայաստան»՝ 27.5%, «Հայկական վերածնունդ»՝ 13.34%, ԲՀԿ՝ 7.25%, ՀՅԴ՝ 6.36%, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4.08%, «Համախմբում»՝ 2.48%, Հայ ազգային կոնգրես՝ 1.39%։





























