Բրիտանական կառավարությունը մտադիր է հայտարարել օրենսդրական միջոցների մասին, որոնք ուղղված են մարտական գործողությունների թեժ կետերում ծառայող զինվորականների իրավաբանական պաշտպանությանը դատական հայցերից: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Իշխող Պահպանողական կուսակցության համաժողովի շրջանակում հայտարարվելիք փոփոխությունները կվերաբերեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք բաժինների, որոնց գործողությունը կարող է դադարեցվել ապագա զինված հակամարտությունների ընթացքում:

Կառավարությունում նշում են, որ պաշտպանության նախարարությանը ներկայացված հայցերի մեծ մասը հիմնված է հենց այդ Կոնվենցիայի վրա: Խորհրդարանի երկու պալատների կողմից փոփոխությունների ընդունման դեպքում օրենքը Մեծ Բրիտանիային թույլ կտա դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու՝ 2-րդ եւ 5-րդ հոդվածների գործողությունը, որոնք երաշխավորում են, համապատասխանաբար, կյանքի եւ ազատության իրավունքը:

Գործադիրում ընդգծում են, որ չնայած դրան՝ զինվորականները նախկինի պես կապված կլինեն Կոնվենցիայի այլ դրույթներին, օրինակ՝ կտտանքների անթույլատրելիության մասին հոդվածին, ինչպես նաեւ բրիտանական օրենքներին եւ ժնեւյան կոնվենցիաներին: