Վրաստանում պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան պայթեցնելու հետեւում կարող է կանգնած լինել Պետանվտանգության ծառայությունը, մասնավորապես, ՊԱԾ պետ Իոսեբ Գոգաշվիլին, քանի որ նա քաղաքական դրդապատճառներ է ունեցել։ Այս մասին հայտնել է «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Գիգա Բոկերիան, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»–ը։

«Բոլորը գիտեն, թե ում հետ Գիվի Թարգամաձեն քաղաքական տարաձայնություններ ուներ։ Դա Պետանվտանգությունն է եւ նրա պետ Գոգաշվիլին։  Իհարկե, բոլորը հիմքեր ունեն նրանց կասկածելու։ Ամեն դեպքում նախքան մենք ավելի շատ մանրամասների մասին խոսելու հնարավորություն կունենանք, կասկածյալը, մեղադրյալն ու դատապարտյալը Իվանիշվիլին է»,– ասել է Գիգա Բոկերիան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում պայթեցրել էին «Միասնական ազգային շարժման» պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան։ Պայթյունից տուժել են վարորդն ու անցորդները։ Որոշ տեղեկություններով՝ նրանց թիվը հասնում է 5-ի։