Սպիտակ տունը վաղաժամ փակել է Պակիստանը ահաբեկչությանը ֆինանսավորող պետություն ճանաչելու մասին խնդրագրի ստորագրահավաքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Խնդրագիրը Սպիտակ տան էջում հայտնվել էր սեպտեմբերի 21-ին եւ քննարկման համար պետք է մինչեւ հոկտեմբերի 21-ը 100 հազար ստորագրություն հավաքեր։ «Այդ խնդրագիրը կարեւոր է ԱՄՆ–ի, Հնդկաստանի բնակիչների եւ շատ ուրիշ մարդկանց համար, որոնք մշտապես տուժում են Պակիսատանի կողմից ֆինանսավորվող ահաբեկչությունից»,– ասված է խնդրագրի տեքստում։
Խնդրագիրը փակելու պահին դրա տակ արդեն 600 հազարից ավելի ստորագրություն է եղել։ Այդուհանդերձ Սպիտակ տունը հայտնել է, որ այն տեղափոխվել է արխիվ, քանի որ չեն պահպանվել ստորագրահավաքի պայմանները։




























