Հնդկաստանի ոստիկանական ուժերի կենտրոնական ռեզերվի հրամանատարությունը 10 օրվա ընթացքում առաջին անգամ կանանց գումարտակ կտեղակայի Ջարխանդի նահանգում, որտեղ գործում են մաոիստների խմբավորումները, հայտնում է NDTV–ն։
«Այդ ստորաբաժանումը Ջարխանդում կմասնակցի արմատականների եւ ապազգային ուժերի դեմ գործողություններին»,– ասել է ոստիկանական ուժերի կենտրոնական ռեզերվի հրամանատար Դուրգա Փրասադը։
Վերջին ամիսներին ոստիկանական հատուկ նշանակության կանացի գումարտակը հատուկ պատրաստություն է անցել Արեւմտյան Բենգալիայի նահանգի մարզական տարածքներում, որտեղ բնակլիմայական պայմանները նման են Ջարխանդի պայմաններին։
Մաոիստները մաոիզմի եւ մարքսիզմ–լենինիզմի սեփական տարբերակն են քարոզում եւ այստեղ գործում են 1960-ական թվականներից։




























