ԱՄՆ-ն սատարում է Սիրիայում հակամարտության սրման միտումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, արեւելագետ Կարինե Գեւորգյանը:
«Գործընթացների ինտենսիվությունը շատ մեծ է»,- փաստեց Գեւորգյանը՝ հավելելով, որ իրավիճակը կարող է առավել խորանալ, եթե Պենտագոնում չգերակշռի նրանց կարծիքը, ովքեր անհրաժեշտ են համարում Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեղեկությունները կիսելը: «Մեծամասամբ իրադարձությունների զարգացումը կախված է ԱՄՆ-ից: Որքան էլ մեղադրեն Ռուսաստանին, խոսեն ռուսական սպառնալիքի մասին, մեղմ ասած, նրան դա պե՞տք է: Մեղադրանքները տրամաբանորեն արդարացված չեն»,- նշեց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը վերահսկում է Սիրիայի երկինքը:
Իրավիճակը, նրա կարծիքով, կարող է վատթարանալ. «Միշտ «խաղաղությանն այլընտրանք չկա» ոգով հայտարարությունները սարկազմով եմ ընկալել: Խաղաղության այլընտրանքը պատերազմն է, եւ նման սպառնալիք միշտ կա: Հիմա այն բավական մոտ է»:
Պատասխանելով Սիրիայում ահաբեկիչներին ԱՄՆ-ի աջակցության մասին հարցին՝ Կարինե Գեւորգյանը նշեց, որ դժվար է միանշանակ հաստատել դա: Այդ կապակցությամբ քաղաքագետը հիշեցրեց, որ ԻՊ-ն բազմաթիվ տարբեր խմբավորումներից է կազմված, շատերն էլ ընթացքում են միանում խմբավորմանը: «Կարող էր այնպես լինել, որ ամերիկացիները շփումներ են ունեցել մի խմբի հետ, որը հետագայում ստիպված է եղել ԻՊ-ին միանալ: Նույն կերպ ամերիկացիները կարող էին սպառազինություն տրամադրել, որը հետո հայտնվեր ահաբեկիչների ձեռքում»,- կարծում է Գեւորգյանը:
Քաղաքագետը, միաժամանակ, փաստեց հենց ամերիկյան բանակում որոշակի դժգոհության առկայությունը: «Facebook-ում փակ դեմքերով ամերիկյան զինվորականների լուսանկարներ են հայտնվում, որոնք ձեռքում «Ես սկսեցի պատերազմել՝ ահաբեկիչներին սատարելու համար» գրությամբ պաստառներ կան: Դա արդեն խռովություն է հենց ԱՄՆ-ում»,- ամփոփեց Կարինե Գեւորգյանը:




























