Տանզանիայում մարտի 23-ին ձերբակալված Վարդանյան եղբայրները դեռեւս մնում են կալանքի տակ:
Մեր տեղեկություններով` Տանզանիայի դատարանը դեռեւս որոշում չի կայացրել՝ «Ջամբո պարկի» սեփականատեր Արթուր Վարդանյանն ու եղբայրը մեղավոր են, թե ոչ:
Նշենք, որ Վարդանյան եղբայրները ձերբկալվել են «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ին պատկանող 61 կապիկները Հայաստան տեղափոխելու հետ կապված առաջացած խնդիրների պատճառով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայնում ձերբակալվել են ազգությամբ հայ 52-ամյա Արտյոմ եւ 44-ամյա Էդուարդ Վարդանյանները: Տանզանական The Citizen պարբերականը հաղորդում է, որ եղբայրները փորձել են բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել 61 կապիկ:
Ըստ պարբերականի՝ չնայած Տանզանիայում արգելված է վայրի կենդանիներին երկրից դուրս բերելը, Վարդանյան եղբայրները անհայտ ճանապարհով կարողացել են ձեռք բերել կենդանիներին արտահանելու թույլտվություն:
Ձերբակալված Արտյոմ Վարդանյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, որտեղ պահվում են բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ:
Հիշեցնենք, որ Արտյոմ Վարդանյանը 2014թ. ամռանը հայտնվել էր սկանդալում: Նրան պատկանող «Ջամբո Պարկում» կապիկներ էին սատկել, ենթադրվում էր՝ էբոլա վիրուսից: Ընթանում է նախաքննություն:




























