Վանաձորի թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմում չի ստացել օպտիկական ակնոցներ բաժանելու միջոցով ընտրողներին կաշառելու մասին: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԿԸՀ նախագահ, վերընտրման թեկնածու Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները:

Հաշվի առնելով կաշառելու այդպիսի եղանակի վերաբերյալ բողոքները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է համապատասխան Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, բայց այն ընտրությունների մասնակիցներից այդպիսի դիմում չի ստացել:

Գյումրիում բողոք է ստացվել միայն տեղամասերից մեկում արձանագրության եւ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների միջեւ առկա տարբերության վերաբերյալ: «Նախապատվությունը տրվում է արձանագրությանը, իսկ կայքի անհամապատասխանությունը տվյալները ներբեռնելիս մեխանիկական սխալի հետեւանք է, ոչ ավելին»,- նշել է Մուկուչյանը: