Լեհաստանի Սեյմը հոկտեմբերի 5-ի նիստում կսկսի քննարկել Վոլինի ցեղասպանության ժխտման եւ «բանդերիզմի» քարոզչության համար պատիժ սահմանելու օրինագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նախագծի  համաձայն՝ Ստեփան Բանդերայի գաղափարների քարոզման կամ ուկրաինացի ազգայնականների կողմից Վոլինի ցեղասպանության ժխտման համար սահմանվում է տուգանք կամ մինչեւ 3 տարվա ազատազրկում։ Լեհական օրենսդրության մեջ կա «Օսվենցիմի սուտ» ձեւակերպումը, որը ենթադրում է համակենտրոնացման ճամբարում նացիստական հանցագործությունների մասին փաստերի աղավաղում։ Օրինագծով առաջարկվում է դրա համանմանությամբ սահմանել «Վոլինյան սուտ» ձեւակերպումը։
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը հուլիսին ընդունել էր հուլիսի 11-ը 1943-1945թթ. Լեհաստանի Երկրորդ Հանրապետության բնակիչների դեմ ուկրաինացի ազգայնականների իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին որոշումը։

Լեհաստանը պնդում է, որ զանգվածային սպանություններն իրականացվել են 1939-1945թթ. Ուկրաինայի ապստամբ բանակ–ուկրաինացի ազգայնականների կազմակերպության համախոհների կողմից Վոլինի, Արեւելյան Գալիցիայի եւ Լեհաստանի Երկրորդ Հանրապետության հարավարեւելյան մարզերի բնակիչների դեմ։