Ես դեմ եմ քվեարկողների ցուցակների հրապարակմանը: Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի վերընտրման քննարկման ժամանակ ասել է ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը:

Պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, նա հայտարարել է, որ օրենքի նոր պահանջները կճանաչի դրանց վերջնական ընդունման դեպքում եւ դրանց համաձայն կաշխատի, բայց անձամբ ինքը դեմ է ցուցակների հրապարակմանը: «Ես դեմ եմ եղել, հիմա էլ եմ դեմ եւ դեմ կլինեմ: Անկախ նրանից, թե ով ինչ կարծիք ունի: Չնայած օրենքն, իհարկե, ընդունում եմ»,- ասել է Շահսուվարյանը:

Նշենք, որ իշխանությունները տարիներ շարունակ ընդդիմության պահանջները չէին ընդունում: Այդ առաջարկը մերժվել է նաեւ Ընտրական օրենսգրքի նոր խմբագրման տեքստում՝ 2016-ի մայիսին այն ընդունելիս: Ընդդիմության կարծիքով՝ ցուցակների հրապարակումը իշխանություններին կզրկի երկրից բացակայող ընտրողների հավելյալ «ձայներից»: Մոտակա ժամանակներում խոերհրդարանը կքննարկի ԸՕ-ում փոփոխությունների հերթական փաթեթը, որն արդեն ցուցակների հրապարակում է նախատեսում: