Հայաստանը պատրաստակամ է 2016թ.-ից հետո էլ պահպանել իր մասնակցության «Վճռական աջակցություն առաքելությանը» ներկայիս մակարդակով:

Այս մասին, հոկտեմբերի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած «Գործընկերություն հանուն բարգավաճման եւ խաղաղության» խորագրով Աֆղանստանին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Համաժողովը կազմակերպել էր Եվրոպական միությունը՝ Աֆղանստանի կառավարության հետ համատեղ: Համաժողովի նպատակն էր եւս մեկ անգամ վերահաստատել միջազգային հանրության աներկբա աջակցությունն Աֆղանստանին՝ երկրում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաեւ տնտեսական զարգացման ու լայնածավալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ի թիվս ութ տասնյակ երկրների ԱԳ նախարարների, բարձրաստիճան պատվիրակների, ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարների եւ միջազգային կառույցների ղեկավարների՝ համաժողովին մասնակցում էին նաեւ ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ու կառավարության ղեկավար Աբդուլլա Աբդուլլան:

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանն իր կարողությունների չափով, գործընկերների հետ միասին, աջակցել է ու շարունակելու է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում անվտանգության, խաղաղության ու օրենքի գերակայության հաստատմանը: Այդ իսկ նպատակով էր, որ մեր երկիրը 2010թ. միացավ միջազգային կոալիցիային:

Փոխնախարար Նազարյանը համաժողովին վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է 2016թ.-ից հետո էլ պահպանել իր մասնակցության «Վճռական աջակցություն առաքելությանը» ներկայիս մակարդակով, ու հավելել, որ Հայաստանը կողմնակից է բուն աֆղանացիների կողմից առաջնորդվող Աֆղանստանի խաղաղության Համապարփակ գործընթացին՝ ուղղված երկրում կայունության, բարիդրացիական հարաբերությունների եւ տարածաշրջանային համագործակցության հաստատմանը: