Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ դեռ անելիքներ կան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խորհրդարանի փոխնախագահ Իսաբել Դինգիզյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի Ազգային ժողովում, ջերմությամբ հիշել է 2015 թվականի հանդիպումը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է սկանդինավյան տարածաշրջանի եւ հատկապես Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, համապարփակ միջխորհրդարանական շփումները:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ դեռեւս անելիքներ կան: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը ողջունել էերկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը եւ հույս հայտնել, որ առաջիկայում համագործակցության նոր ուղիներ կնախանշվեն:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին եւ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ու խորացնելու երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությունը:

Գալուստ Սահակյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Դինգիզյանին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Իսաբել Դինգիզյանը, շնորհակալություն հայտնելով հայրենի խորհրդարանում ջերմ ընդունելության համար, կարեւորել է հայ-շվեդական խորհրդարանական արդյունավետ համագործակցությունը: Նա վստահեցրել է, որ իր ներդրումը կունենա երկու երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու եւ խորացնելու համար: