Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում հոկտեմբերի 9-ին, Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1716-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: 1716-րդ խաչը կփոխանցեն 1716-րդ խաչի խաչքավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին:
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգեւոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ կսկսվի 1716-րդ խաչի օծման արարողությունը: Այնուհետեւ օծված խաչը հոգեւոր դասի ու ժողովրդի ուղեկցությամբ հանդիսավոր կերպով կբարձրացվի եւ խաչքավորի ձեռամբ կամրացվի Սուրբ Խաչին:
Հոգեւոր դասի ներկայացուցիչների կողմից 1716-րդ խաչի օծման արարողությունից հետո կսկսվի համաժողովրդական տոնախմբություն, որին կմասնակցեն եւ իրենց կատարումներով ժողովրդին կոգեւորեն հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, գեղարվեստական խմբեր: Ելույթ կունենան նաեւ Ապարանի տարածաշրջանի երաժշտական եւ գեղարվեստական խմբերը: Հույսի Խորանի աշխարհիկ բեմում, Արագածի լանջին կթեւածեն հայկական երգն ու երաժշտությունը: Այնուհետեւ ժողովրդի մասնակցությամբ Միասնության շուրջպարը կօղակի Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը:
Տեղի կունենան նաեւ մատաղի օրհնության արարողություններ:
Համաժողովրդական տոնախմբությանը կմասնակցեն հյուրեր սփյուռքից, Արցախից, հանրապետության մարզերից, մտավորականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, պետական բարձրաստիճան այրեր եւ քաղաքացիներ:




























