«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի պաշտպանների՝ նրան ազատ արձակելու պահանջով բողոքը: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվելու է Վճռաբեկ դատարան:
«Դատարանից որեւէ այլ բան չէինք էլ սպասում, դատական նիստի ժամանակ էլ հայտարարեցինք, որ կոնկրետ այս գործով արդարադատություն չկա, եթե դատարանն իրականացներ արդարադատություն, ապա առաջին ատյանի դատարանը Արայիկ Խանդոյանին կալանավորելու որոշում չէր կայացնի: Քաղաքական պատվեր է, որը շարունակում է մնալ»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը դատական սանկցիա էր կիրառել ու հեռացրել նիստերի դահլիճից:
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):




























