ԱՄՆ-ում 8 անձի, այդ թվում՝ 6 զինծառայողի են ձերբակալել՝ շուրջ 1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ բանակային հանդերձանք գողանալու եւ eBay կայքի միջոցով արտերկրում վաճառելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Երկրի արդարադատության նախարարության տվյալներով՝ մեղադրյալները հափշտակածը վաճառել են Ռուսաստանում, Չինաստանում, Ղազախստանում, Մալազիայում, Մոլդովայում, Ռումինիայում, Մեքսիկայում եւ Ուկրաինայում: Հափշտակված հանդերձանքի եւ սարքավորումների թվում են գիշերային տեսանելիության սարքեր, զրահաբաճկոններ, թռիչքային սաղավարտներ, դեղորայք, նռնականետերի նշանառու սարքեր եւ այլն:

Ձերբակալվածներին ամերիկյան բանակի գույքի հափշտակության կամ ապօրինի ձեռքբերման եւ այն հետագայում վաճառելու նպատակով հանցավոր համաձայնություն ձեռք բերելու մեղադրանք է առաջադրվել:

Մեղադրյալներին մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում եւ 250 հազար դոլարի չափով տուգանք է սպառնում: