Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հրավերով հոկտեմբերի 4-6-ին, պատասխան այցով Հայաստան էր ժամանել  Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավար, միլիցիայի գեներալ-մայոր Սերգեյ Դորոշկոյի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում  ՔԿՎ պետ Ա. Օսիկյանը բելառուս գործընկերներին ծանոթացրեց ՀՀ քրեակատարողական համակարգում իրականացված բարեփոխումներին, կատարված աշխատանքներին, այդ թվում` վերջերս ներդրված առցանց պատվերների համակարգին:

Քննարկվեցին նաեւ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում` դատապարտյալների զբաղվածության ապահովմանը միտված համատեղ արտադրական գործունեություն կազմակերպելու եւ իրականացնելու վերաբերյալ: 

Բելառուս գործընկերները  տեղում ծանոթացան նաեւ «Աբովյան» եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքներին,  նյութատեխնիկական տարբեր միջոցների գործադրմամբ վերահսկողության եւ անվտանգության կազմակերպման աշխատանքներին, ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներին եւ  այլ խնդիրների:

Այցի շրջանակներում երկու երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր պենիտենցիար ոլորտում փորձի, ինչպես նաեւ գիտատեխնիկական եւ իրավական ինֆորմացիայի փոխանակման, համատեղ վերլուծական հետազոտությունների եւ տարբեր նախագծերի իրականացման, ծառայողների որակավորման բարձրացման եւ համագործակցության այլ ուղղությունների վերաբերյալ: