Վանաձորում «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միավորման հետ կապված մի վտանգ կա․ ավագանու անդամները արդյոք իրենց խոսքի տերը կլինեն եւ կքվեարկեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին։ Այս հարցադրումները NEWS.am-ի հետ զրույցում հնչեցրեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Մի վտանգ եմ ես տեսնում․․․ Մնում է, որ ավագանիները իրենց ազնիվ խոսքի տերը լինեն եւ գաղտնի քվեարկության ժամանակ քվեարկեն Քրիստ Մարուքյանի օգտին։ Ես երաշխավորում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ ԲՀԿ-ի երեք ավագանին՝ Այծեմնիկ Օհանյանը, Հրանտ Մարգարյանը եւ Դավիթ Հակոբյանը, քվեարկելու են Քրիստ Մարուքյանի օգտին ․․․․Ես յուրաքանչյուր բառիս համար պատասխանատու եմ։ «Լուսավոր Հայաստանը», միանշանակ, քվեարկելու է Քրիստ Մարուքյանի օգտին․․․»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ Վանաձորում տեղի կունենա իշխանափոխություն, ասաց․ «Եթե բոլորը իրենց խոսքի տերը լինեն, եւ 18 ավագանին պետք է ստորագրեն բարոյական պարտավորության տակ, որ իրենք քվեարկելու են եւ միասին աշխատելու են իսկապես Վանաձորի զարգացման ծրագրի վրա, ես հավատում եմ»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ երաշխավորելու է, որ իրենց երեք ան դամը իշխանության օգտին չի քվեարկելու։
Նշենք, որ Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ներկայացող «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 18 մանդատ են ստացել, իսկ ՀՀԿ-ն ու իր դաշնակից ՀՅԴ-ն միասին՝ 15։ Եթե իսկապես միավորված ուժերի բոլոր անդամները քվեարկեն Մարուքյանի օգտին, ապա իշխանությունը կտապալվի։ Արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունը փորձում է ազդել որոշ ավագանիների վրա, որ քվեարկեն իշխանության թեկնածուի օգտին։ Այդ իսկ պատճառով որոշ ավագանիներ, մասնավորապես ԲՀԿ-ականները, լուսանկարելու են իրենց քվեաթերթիկները, որ իշխանության օգտին ավել քվերակության պարագայում ապացուցեն՝ Քրիստ Մարուքյանի օգտին են քվեարկել։




























