ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, թե կարծում է, որ մարզպետների պաշտոնանկությունը միայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանով չի սահմանափակվի։
«Ես կարծում եմ, որ շարունակություն կլինի, որովհետեւ վատ ու լավի խնդիրը չէ, ամեն մի ժամանակաշրջանի համար իր տեսակի մարդ է անհրաժեշտ։ Հիմա ավելի շատ նորությունների, վերափոխումների կարիք կա․․․»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը։
Նա նշել է, որ ինքը թեեւ չի տիրապետում, թե կոնկրետն ինչն է Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության պատճառը, սակայն լսել է, որ Խաչատրյանն էլ էր վերջին շրջանում հակված պաշտոնը թողնելուն թերեւս կառավարության փոփոխություններով պայմանավորված։




























