Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը, երկրի խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո Թբիլիսիում հայտնել է, որ իր ձայնը տվել է խաղաղ ուժին։ «Ես իմ ձայնը տվել եմ այն խաղաղ ուժին, հաղթող ուժին, որն արդեն վաղվանից կանցնի գործի ու խոստումների իրագործմանը, ու ես վստահ եմ, որ բոլորը ճիշտ ընտրություն կկատարեն»,- ասել է Սանդրա Ռուլովսը լրագրողներին, հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»։

Սանդրա Ռուլովսն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանական ընտրություններին Զուգդիդյան շրջանում ու երկրորդ համարն է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության ընտրացուցակում։

Վրաստանի ԿԸՀ տեղեկություններով ժամը 10։ 00 դրությամբ ընտրություններին ակտիվությունը 8․34 տոկոս էր կազմում։

Հոկտեմբերի 8-ին Վրաստանի քաղաքացիները ընտրում են իններորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին։ 100 պատգամավոր ընտրվելու է համամասնական համակարգով (կուսակցական ցուցակներով), իսկ 50-ը՝ մեծամասնական (միամանդատ օկրուգներով)։ Հիմնական պայքարը ծավալվել է վերջին չորս տարիներին իշխող «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի ու նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ( հիմա Ուկրաինայում զբաղեցնում է Օդեսսայի նահանգապետի պաշտոնը, հայրենիքում նրան սպառնում է կալանք՝ հարուցված քրեական գործի շրջանակում) «Միասնական ազգային շարժման» միջեւ։