Ժամը 12։00 դրությամբ՝ ընտրությունների մեկնարկից չորս ժամ անց, Վրաստանում քվեարկել է 695 908 մարդ, կամ ընտրողների 19․81 տոկոսը։ Նման տվյալներ է ներկայացրել երկրի ԿԸՀ-ն։
Մասնակցությունը հատկապես բարձր է Գուրիա ու Ռաչա -Լեչխումի շրջաններում։ Ընտրությունների առաջին երկու ժամի արդյունքներով ամենապասիվը Քվեմո Քարթլի շրջանի բնակիչներն են, հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, խորհրդարանի 100 պատգամավորներ ընտրվելու են համամասնական համակարգով (կուսակցական ցուցակներով), իսկ 50-ը՝ մեծամասնական (միամանդատ օկրուգներով)։ Հիմնական պայքարը ծավալվել է վերջին չորս տարիներին իշխող «Վրացական երազանք- ժողովրդավական Վրաստան» կոալիցիայի ու նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու (հիմա Ուկրաինայում զբաղեցնում է Օդեսսայի նահանգապետի պաշտոնը, հայրենիքում նրան սպառնում է կալանք՝ հարուցված քրեական գործի շրջանակում) «Միասնական ազգային շարժման» միջեւ։




























