Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի տապալումը ցույց տվեց, որ հաղթեց ժողովրդավարությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի բացման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:

«Հուլիսյան դեպքերի ժամանակ Թուրքիան ցույց տվեց, որ հաղթեց ժողովրդավարությունն ու Սահմանադրությունը: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում թուրք ժողովրդին, իշխանություններին այս դժվար շրջանում»,- ասաց Ագրամունտը՝ նշելով, որ հուլիսի 16-ին տեղի ունեցածը ցնցել է բոլորին:

Ագրամունտը ընդգծեց, որ պետք է հարգել մարդու իրավունքները, ազատ ընտրությունները, ժողովրդավարական նորմերը:

Նշենք, որ ԵԽԽՎ այս նստաշրջանին մասնակցում է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, որն անդրադառնալու է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 16-ին Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ էին նախաձեռնել, որը սակայն տապալվեց:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ