Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ:

Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի եւ ԵՏՀ-ի համագործակցության ամուր հիմքերի ստեղծմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ կողմերի հարաբերությունների ինստիտուտիոնալացման  հարցերը, նաեւ համաշխարհային տնտեսության զարգացման բովանդակային տեսակետները եւ տարածաշրջանային պրոցեսները, տարածաշրջաններում կառուցվածքային վերակազմավորումների հեռանկարները, Եվրասիական տնտեսական միությունում թվային փոխակերպումները:

Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՀ-ի եւ ՀԲ-ի նպատակների եւ խնդիրների ընդհանրությունը տարածաշրջանում տնտեսական կայուն զարգացման ապահովման տեսանկյունից:

«Դժվար է թերագնահատել Համաշխարհային բանկի դերակատարումը գլոբալ խնդիրների լուծման եւ համաշխարհային զարգացման մարտահրավերների հաղթահարման հարցում՝ ներառյալ այնպիսի ուղղությունները, ինչպիսին երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունն է ու կառուցվածքային բարեփոխումներին աջակցությունը, մրցունակության մեծացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով խորհրդատվությունը: ԵՏՄ գործառնության առանցքային նպատակներից մեկն է անդամ երկրների տնտեսական կայուն եւ որակյալ աճի ապահովումը: Մեր՝ որպես վերազգային կարգավորող մարմնի խնդիրն է միության երկրների տնտեսության համար ավելացված արժեքի ստեղծումը եւ այդ ոլորտներում ամենաարդիական իրավական եւ կարգավորող միջավայրի ձեւավորումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին, Սիրիլ Մյուլերը հայտարարել է, որ ուրախ է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի նոր պաշտոնում Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման համար: Նա նշել է, որ ԵՏՀ հետ համագործակցությունը «կարող է ավելացնել ԵՏՄ առանձին երկրների հետ Համաշխարհային բանկի աշխատանքի դրական արդյունքը»: ՀԲ փոխնախագահը նաեւ նշել է, որ ինքն աջակցում է ԵՏՀ եւ ՀԲ հարաբերությունների ինստիտուտիոնալացման գաղափարը: Նրա խոսքով՝ դա տնտեսական աճի ապահովման եւ կառուցվածքային վերակազմավորումների ուղղությամբ առավել արդյունավետ աշխատանքի հնարավորություն կընձեռի: