Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան որոշել է քաղաքականությունից ժամանակավորապես հեռանալ: Պաշտպանության նախկին նախարարը հրաժարվում է Գորիում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելուց, որտեղ նա առաջադրվել էր պատգամավորության մեծամասնական թեկնածու: Այս մասին հայտնում է «Նովոսի Գրուզիա»-ն:
«Ես որոշել եմ ժամանակավորապես քաղաքականությունից հեռանալ: Որտեղ էլ լինեմ, ես Վրաստանի զինվորն եմ: Ես ինչպես միջազգային, այնպես էլ տեղական գործընթացներին այնպես կմասնակցեմ, որ կանգնած կլինեմ պետության, ժողովրդի կողքին: Երախտապարտ եմ բոլորին, ովքեր աջակցում են մեզ: Կուսակցությունը կշարունակի ակտիվ պայքարը, որպեսզի թարմացված եւ լավագույն կազմով դիմավորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»,- ասել է Ալասանիան:
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ առաջին փուլի քվեարկության արդյունքներով Գորիում Ալասանիան ստացել է ընտրողների ձայների 19,38 տոկոսը:




























