2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների (որոնց արդյունքում սպանվեց 10 եւ վիրավորվեց մոտ 200 մարդ, ընդդիմությունը իշխանություններին մեղադրեց խաղաղ բնակիչների մահվան մեջ) զոհերի հարազատները մտադիր են հացադուլ հայտարարել: Այդ մասին հոկտեմբերի 19-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ալլա Հովհաննիսյանը՝ սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ հավելելով, որ այդ ծայրահեղ միջոցով զոհերի հարազատները մտադիր են միջազգային հանրության առջեւ կրկին բարձրացնել իրենց երեխաներին սպանողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը:
«Երեւանի կենտրոնում մեր երեխաներին գնդակահարելու օրվանից անցել է երկուսուկես տարի: Այդ ողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները բոլոր մակարդակներում սպանությունները կոծկելու փորձեր են ձեռնարկում՝ Եվրոպայի Խորհրդին տեղի ունեցածի մասին բացարձակապես կեղծ զեկույցներ ներկայացնելով: Մենք փորձել ենք բողոքարկել գլխավոր դատախազության անգործությունը դատական կարգով եւ հաջողության չենք հասել: Սակայն մենք վստահ ենք, որ հանցագործության բացահայտումն անխուսափելի է: Այդ օրը մոտեցնելու համար մենք դիմելու ենք հացադուլի եւ նստացույցի»,- զոհերի հարազատների անունից ասել է Ալլա Հովհաննիսյանը:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր հերթին հայտնել է, որ ՀԱԿ-ը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել 2008թ. փետրվար-մարտ ամիսներին իրավապահների գործողությունները: Ընդդիմադիր գործիչը նշել է, թե Հայաստանի դատական համակարգի հետ որեւէ ակնկալիք չունեն եւ տվյալ հայցը վերջնարդյունքում ուղղվելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» անունից ուղերձ է հղվել Երուանում ընթացող Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումին՝ կոչ անելով հայտարարություն ընդունել Հայաստանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:





























