Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ դեպի Մարս մեկ տարի տեւողության թռիչքը կարող է նկատելիորեն նվազեցնել մարդկանց մտավոր ունակությունները, քանի որ ուղեղը մշտապես կենթարկվի տեիզերական ճառագայթների ազդեցությանը, հայտնում է Scientific Reports–ը։

«Դա տհաճ նորություն է տիեզերագնացների համար, որոնք 2-3 տարով Մարս են ուղեւորվելու՝ գիտարշավի։ Տիեզերքը մարդու առողջության համար բացառիկ սպառնալիքներ է պարունակում։ Այս մասնիկների երկարատեւ ներգործությունը բազմաթիվ բարդություններ է առաջացնում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքում՝ նվազեցնում աշխատունակությունը, հիշողության կորուստներ առաջացնում, անհանգստություն, դեպրեսիա ու որոշումների կայացման դժվարություններ։ Այս երեւույթներից շատերը մարդուն կանհանգստացնեն նաեւ Երկիր վերադառնալուց հետո»,- հայտնել է Չառլզ Լիմոլին Քալիֆորնիայի համալսարանից։

Լիմոլին ու նրա գործընկերները հանգել են նման անսպասելի եզրակացության՝ հետեւելով մի քանի տասնյակ մկների վարքագծային փոփոխություններին, երբ նրանց գլուխն ամեն օր ենթարկվում էր տեիզերական ճառագայթների լաբորատոր անալոգների ազդեցությանը։